Բավ է պառակտվել
03-11-2016 12:20

Քաղաքացիներին բերման ենթարկելու մեխանիզմների հետ կապված բացթողումներ կան.ՄԻՊ

Հայաստանում լուրջ բացթողումներ կան՝ կապված ոստիկանության բաժիններ քաղաքացիների բերման ենթարկելու ինստիտուտի կիրառման մեխանիզմների հետ: Այս մասին նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին՝ կապված հուլիսին ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման շրջանում քաղաքացիների բերման ենթարկելու հետ, Թաթոյանը նշել է, որ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը հարյուրավոր բողոքներ է ստացել՝ կապված ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հետ:

«Կարծում եմ՝ այդ օրերին պարզ դարձավ, որ Հայաստանում բերման ենթարկելու ինստիտուտի կիրառման մեխանիզմներն անարդյունավետ են գործում, քանի որ, եթե վերլուծենք, ազատազրկման սկզբնական փուլերում մարդու իրավունքների խախտումներն ավելին են եղել, քան հետագա փուլերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ լուրջ բացթողումներ ունենք՝ կապված այդ ինստիտուտի կիրառման մեխանիզմների հետ»,- ընդգծել է Արման Թաթոյանը:

Այդ կապակցությամբ օմբուդսմենն արտահերթ հրապարակային զեկույց է պատրաստում, եւ մի քանի ամսվա ընթացքում այն արդեն պատրաստ կլինի: «Զեկույցում բազմաթիվ սկզբունքային հարցեր կբարձրացվեն, օրինակ, եթե քաղաքացին բերման է ենթարկվում, ապա դա պետք է կապված լինի ննրա նկատմամբ վարույթի հետ: Եթե դա ինքնանպատակ է արվել, ապա մենք խախտման հետ գործ ունենք»,- նկատել է մարդու իրավունքների պաշտպանը:

Նա հավելել է, որ օմբուդսմենը, բնականաբար, իրավունք չունի միջամտել նախաքննության ընթացքին: «Բայց մեր գործընկերների հետ լավ հարաբերությունների հաշվին պարբերաբար անհրաժեշտ տեղեկություններ ստանում ենք»,- ամփոփել է Արման Թաթոյանը: