Բավ է պառակտվել
22-08-2015 11:43

ՄԻՊ գրեսանյակը վարույթ է սկսելու ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելու վերաբերյալ

ՀՀ օմբուդսմենի գրասենյակը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսելու օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ տարեց քաղաքացուն ապտակած ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար: Այս մասին նշվում է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի տարածած հայտարարությունում։

Հայտարարությունում ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք երեկ Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը: Թեև քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը և դեպքի հանրային նշանակությունը` սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար: Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպ ի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու և ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության հրապարակում գտնվող և թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլևս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, և կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները»: 
Նշենք, որ սույն միջադեպի առիթով ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: