20-11-2014 14:02

ՀՀ օմբուդսմենը դիմել է ԵԽ հանձնակատարին՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նամակում ասված է. «Խորապես մտահոգված ու անհանգստացած եմ ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով: Չզինված այս ուղղաթիռն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ուղղաթիռին և դուրս բերել անձնակազմի անդամներին՝ չնայած այդ երկրին հայկական կողմի խնդրանքով դիմել են և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Ավելին, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել նաև զինադադարի ռեժիմի խախտման դիտարկում անցկացնել ուղղաթիռի խոցման վայրում: Խոցված ուղղաթիռի անձնակազմին օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված նորմերին, մասնավորապես Ժնևի կոնվենցիայի դրույթներին, այլև ոտնահարում է տարրական բարոյականության ու խղճի սկզբունքներն իսկ: Խոցված ուղղաթիռի օդաչուներին ժամանակին մոտենալու և բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բացառված չէ, որ նրանցից գոնե մեկի կյանքը հնարավոր լիներ փրկել: Կոչ եմ անում Ձեզ անմասն չմնալ և նպաստել ուղղաթիռի անձնակազմի՝ հայկական կողմին վերադարձմանը, ինչպես նաև միջադեպի համակողմանի, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննության անցկացմանը»: