Բավ է պառակտվել
25-09-2015 14:02

ՄԻՊ-ը դիմել է միջազգային կազմակերպություններին. Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի տների վրա

Ադրբեջանի կողմից սպանված և վիրավորված խաղաղ բնակիչների խնդրով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մի քանի տասնյակ միջազգային կառույցների: Այս մասին գրել է ՄԻՊ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում:

Գրության մեջ մասնավորպես ասվում է.

«Երեկ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն առաջին հերթին արգելում է բոլոր տեսակի ոտնձգությունները ռազմական գործողություններին չմասնակցող խաղաղ բնակչության կյանքի և առողջության նկատմամբ: Բացի այդ, ժնևի կոնվենցիաների 1-ին Լրացուցիչ արձանագրությամբ արգելվում են ցանկացած հարձակումները քաղաքացիական անձանցով բնակեցված բնակավայրերի վրա, անթույլատրելի են հարձակումները քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ պարենի պաշարների, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանների վրա: Մինչդեռ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակելի տների ու ցանքատարածությունների վրա: Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կին զոհվել են հենց իրենց տներում: Նույն շրջանի մեկ այլ գյուղում հակառակորդի գնդակից տարեց կինը սպանվել է բերք հավաքելուց, իսկ երկու խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել են: Խաղաղ բնակիչների սպանությանը միջազգային հանրության անհամարժեք արձագանքի պայմաններում ինքնապաշտպանական հակահարվածը կդառնա միակ լուծումը: Սա մեզ համար անթույլատրելի ու անցանկալի է, քանի որ մարդու կյանքը թե´ Հայատանում և թե´ այլուր մեզ համար բարձրագույն արժեք է: Որպեսզի կանխվեն նոր զոհերը, միջազգային համայնքը պետք է դադարեցնի մարդասպան պետությանը և գնդակծվող խաղաղ բնակչությանը հավասարեցնելու դիվանագիտական զգուշավոր գործելաոճը և նեցուկ լինի խաղաղ բնակչությանը, մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու ժնևյան կոնվենցիաների տարրական պահպանմանը»: Գրությունն ուղարկվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին և օտարերկրյա մի շարք այլ գործընկերի: