Բավ է պառակտվել
18-01-2016 11:19

Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, այն տեղադրելով Facebook-ի իր էջում:

Նա իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի հարգարժան մարդիկ,

Երբ հինգ տարի առաջ ստանձնում էի երբեւէ ցանկացածս միակ պետական պաշտոնը, փորձեցի հանրությանը ներկայացնել իմ սպասելիքներն ու մղումներն այս տողերով. «Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարեւորագույն սկզբունք: Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ‚ որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես` չեմ կասկածում‚ որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ‚ քան արժանանում հիացմունքի: Բայց որպես լավատես` ես հավատում եմ‚ որ «կաթիլը քար է ծակում»:

Իմ բարդ ճանապարհի այս փուլն ավարտելիս ցանկանում եմ հենց այս տրամաբանության մեջ ամփոփել ասելիքս.

Որպես իդեալիստ. Այս տարիներին շատ է մաշվել իդեալիզմս, բայց եւ այն ինձ օգնել է ամենածանր օրերին: Այն դեռ պահպանվել է: Պարզապես ավելի տեղեկացված ու իմաստնացած է դարձել: Ես անսահման մարդկային բարություն եմ տեսել այս տարիներին եւ հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ամենածանր կացության մեջ են եղել: Որպես պրակտիկ մարդ. Ես գիտեմ, որ ինձնից այսօր շատերն ակնկալում են միայն մեկ բան՝ կարճ ու կոնկրետ՝ հրաժարականիս պատճառը: Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաեւ մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է եւ շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետեւյալն է: Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարեւորագույն ինստիտուտն այլեւս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաեւ այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը: Որպես իրավաբան. Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի որպես նոր Սահմանադրության հետեւանք, կլինեն իրապես մարդակենտրոն եւ ի օգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել: Որպես լավատես. Հուսով եմ, որ իմ զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, իսկ իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի:Վերջապես, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրեցի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ստանձնել, իսկ այնուհետեւ կատարել մարդուն օգնելու այս մեծ առաքելությունը, եւ ովքեր այս հինգ տարիներին ինձ հետ անցան բոլոր փորձությունները:

Հարգանքով,

Կարեն Անդրեասյան

P.S. Քիչ անց կլինի իմ երկրորդ հրաժարականը: