Բավ է պառակտվել
17-10-2017 13:12

Հայաստանի բնակչության մոտ 45%-ն ապրում է աղքատության շեմին. Սոցիոլոգ

Հայաստանի բնակչության մոտ 45%-ն ապրում է կատարյալ աղքատության շեմին, նման ցուցանիշ է ներկայացրել սոցիոլոգիական հոետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Մեր տվյալներով, Հայաստանի բնակչության այդ 45% -ից մոտ 10%-ը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Երբ մենք գնահատում էինք դպրոցականների աջակցման ծրագիրը, պարզվեց, որ երեխաների դպրոց չհաճախելու պատճառներից մեկն այն է, որ երեխան չունի կոշիկ և տաք հագուստ: Այդպիսով աղքատությունն ազդում է ապագա սերունդների ձևավորման վրա»,- ասել է Ադրբեկյանը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2015թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,8%, ինչը 0,2%-ով ավելի քիչ է, քան 2014թ.: Աղքատների ընդհանուր թիվը ՀՀ-ում կազմել է 900 հազ. մարդ, որից 310 հազ. շատ աղքատ են, իսկ ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 60 հազ մարդ: 2015թ. աղքատների թվին է դասվել երկրի բնակչության մոտ 19,4%-ը, 8,4%-ը համարվել է շատ աղքատ, իսկ 2%-ը ծայրահեղ աղքատ:
Սոցիոլոգը նշել է, որ ՀՀ բնակչությունն իր եկամուտների կեսից ավելին ծախսում է սնունդի վրա:
« Հայաստանի ամեն երրորդ բնակիչ ապրում է աշխատավարձի հաշվին, 18%-ը ունի նաև եկամուտի այլ աղբյուրներ: Նպաստների հաշվին է ապրում երկրի բնակչության մոտ 29%-ը»,- ընդգծել է Ադիբեկյանը:
Հանրապետության վիճակագրական ծառայության տրամադրած «Աղքատությունը և Հայաստանի 2015թ. սոցիալական պատկերը» անվանումով հաշվետվության համաձայն, որը հիմնված է 5184 տնային տնտեսություններին արված հարցման վրա, Հայաստանի բնակիչներին լավ կյանքի համար հարկավոր է ամսական 1 000 դոլար գումար՝ մեկ շնչի կտրվածքով:
«Հոկտեմբերի 17-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ողջ աշխարհում նշվում է իբրև աղքատության դեմ պայքարի միջազգային օր: Ամեն տարի մարդկությունը ստեղծում է 120 տրիլիոն դոլարի չափ հարստություն, որը անհավասարաչափ է բաշխվում մարդկանց միջև: Այդ եկամտի գրեթե 70%-ը օգտագործում են աշխարհի 15 երկրներ, որտեղ բնակվում է 4,5 մլրդ մարդ, մնացած 227 պետությունների 3 մլրդ բնակչությանը բաժին է հասնում այդ հարստության ընդամենը 30%-ը»,- երեքշաբթի կայացած ասուլիսին նշել է Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքերով, նույնիսկ ԵՄ երկրներում աղքատության մակարդակն այսօր հասնում է 25%-ի, իսկ ԱՄՆ-ում 20%-ի: