Բավ է պառակտվել
25-11-2014 12:47

Միջազգային վիճակագրության համաձայն՝ 96% դեպքերում բռնությունների են ենթարկվում կանայք.մասնագետ

Այսօր՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը մեկնարոկւմ է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը և ավարտվում դեկտեմբերի 10-ին: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթաքում Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը նշեց, որ միջոցառումների շարքը նշվում է աշխարհի շատ երկրներում, որոնք հատուկ ուշադրության են հրավիրում կանանց իրավունքների վրա:
Բանախոսը ներկայացնելով կենտրոնի ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը Հայաստանում, նկատեց, թե զանգերի քանակը գնալով շատանում է, բայց դա չի նշանակում, որ զուգահեռ ավելանում է դեպքերի քանակը:
«Պարզելու համար, թե ինչքան է ավելացել կամ պակասել, պետք է հետազոտություն անցկացնել՝ հարցումների միջոցով, համեմատել արդեն եղածի հետ: Իսկ զանգերի քանակի աճը դեպքերի աճի ցուցանիշ չէ, դա ցուցանիշ է, որ կանայք ավելի ինքնավստահ են դառնում իրենց իրավունքների պաշտպանության հարցում, ավելի համարձակ են դառնում»,-ասաց նա:
Ըստ Սուսաննա Վարդանյանի՝ միջազգային վիճակագրության համաձայն՝ 96% դեպքերում բռնությունների են ենթարկվում կանայք: Ընտանեկան բռնության հիմնական պատճառներն են վերահսկողությունը դիմացինի վարքի վրա և ուժի գործադրում: Իսկ բռնությունները երեք տեսակ են՝ հոգեբանական, սեռական և ֆիզիկական:
Ասուլիսին ներկա Կենտրոնի օգնական Քրիստինա Պետրոսյանը ներկայացրեց ստացված զանգերի վիճակագրությունը. 2014թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ստացել են 1437 զանգ, որից 1187-ը՝ ընտանեկան բռնությունների դեպքերով, դրանցից 511-ը եղել են առաջին, 676-ը՝ կրկնվող բռնությունների մասին: Առաջնային բռնության ահազանգերից 395-ը եղել են հոգեբանական բնույթի, 109-ը՝ ֆիզիկական և 7 սեռական բնույթի բռնություններ:
Բռնության մասին մարզերից այս տարի ահազանգել է 76 կին, որոնցից 56-ն է եղել ընտանեկան բռնության մասին ահազանգ:
Քրիստինա Պետրոսյանի խոսքով՝ իրենց կենտրոն այցելել են 400-ից ավելի կանայք, որից 176-ը դժգոհել է առաջնային բռնություններից, 282-ը՝ կրկնվող բռնություններից: