Բավ է պառակտվել
10-07-2014 13:54

Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան

Հայաստանում այս տարի անսպասելիորեն ամառը կարծես անցնում է բավականին զով: Սակայն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ ՛՛Հիդրոմետ՛՛ ծառայության Օդերևույթաբանության կենտրոնի տնօրեն Զարուհի Պետրոսյանը նշեց, որ այսօրվանից Հայաստանի տարածքում ջերմաստիճանը բարձրանալու է 2-4 աստիճանով: Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, չնայած չի բացառվում, որ առանձին վայրերում առանձին օրերին կլինեն տեղումներ:

Հուլիսի 11-ին Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչև 36 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 29 աստիճանի, Տավուշում՝ 32 աստիճանի, Սյունիքում՝ 36 աստիճանի: Հուլիսի 12-13-ին առավելագույն ջերմաստիճանը կհասնի 37 աստիճանի, հուլիսի 14-15-ին Արարատյան դաշտավայրի առանձին վայրերում չի բացառվում, որ ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի. «Այսինքն շոգը դեռ առջևում է, ամառը դեռ առջևում է: Սա համապատասխանում է նորմային»:
Պետրոսյանը նշեց, որ հուլիսին ամսական կանխատեսումները նորմային մոտ են դրական շեղում, տեղումները նորմայից ավել, այս ամսվա նորման ցածր է՝ 11 մմ: Օգոստոսին սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան, տեղումները՝ նորմայից պակաս, այսինքն՝ սպասվում է չոր օգոստոս: Նա չբացառեց նաև, որ ամռան առանձին օրերին կլինի ջերմաստիճանի որոշակի նվազում:

Այս ամռան ընթացքում մինչև այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը հովտային շրջաններում գրանցվել է 35-37 աստիճան:

Սևանի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է: Զ. Պետրոսյանն նշեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ այն նույնպես կբարձրանա:

Նշեց, որ առաջիկայում կարկուտի հավանականությունը փոքրացել է, բայց դեռևս պահպանվում է՝ սեզոնից ելնով:

«Չի բացառվում, որ առանձին վայրերում առանձին օրերին լինի, բայց դրա հավանականությունը գնալով փոքրանում է: Միանշանակ՝ տարածական, քանակական առումով ավելի քիչ կլինի»,- ասաց «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետը՝ հավելելով, որ կարկուտի դեպքում դժվար է կոնկրետացնել տեղը, ամբողջ աշխարհում է այդպես: