Բավ է պառակտվել
18-07-2016 14:38

Զինված խմբի գործողություններից հոսպիտալացված 6 տուժածներից մեկը դուրս է գրվել

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունից։

Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։

Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարարություն։ «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։

Հիշեցնենք, հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: