Բավ է պառակտվել
24-11-2014 20:47

Զոհված օդաչուների հոգեհանգստին մասնակցում են նախագահն ու կաթողիկոսը (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների հոգեհանգստյան կարգը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ պաշտոնյաներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ նրանց կհուղարկավորեն զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։