03-07-2015 15:56

Պայթյուն Մարալիկի գազալցակայաններից մեկում

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը փոխանցեց, որ այսօր՝ ժամը 14:35-ի դրությամբ քաղաքացի Շամշյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ մեկ հասցեում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ժամը 14:39-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել թիվ 51 մարտական հաշվարկը՝ ՀՓՋ ՕԽՆ փոխգնդապետ Այվազյանի գլխավարությամբ: Պարզվել է, որ Հ. Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսատորային հատվածում պայթել է նստվածքների կուտակման բալոնը: Պայթյունի հետևանքով 1963 թ. ծնված Բ. Մակարյանը և 1948 թ. ծնված Ա. Մանուկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ: Ն. Գնդոյանի փոխանցմամբ, Բ. Մակարյանի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Մանուկյանինը՝ միջին ծանրության:  Ժամը 14:40-ի դրությամբ դեպքի մասին տեղեկացվել են Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խ. Բաբայանը, Մարալիկ քաղաքաի ոստիկանության մայոր Թադևոսյանը և այլք: