Բավ է պառակտվել
26-08-2016 16:17

Բանկը գրաված Արամ Պետրոսյանը կալանավորվեց

Մոսկվայի դատարանը որոշել է, որ «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանին պետք է կալանավորել։

«Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը»,- դատարանի որոշումը հրապարակել է դատավոր Թերեզա Ժրեբեցը։

Ինչպես նշված է դատավորի որոշման մեջ, Պետրոսյանն առաջնորդվել է «Ռուսաստանի սոցիալական և տնտեսական զարգացման վերաբերյալ սեփական համոզմունքներով և պահանջել է բարեփոխումներ կատարել ռուսական օրենսդրության մեջ»։

Դատավորը նշել է, որ ավելի մեղմ խափանման միջոցի դեպքում ամբաստանյալը կարող էր թաքնվել և խոչընդոտել հետաքննական գործընթացը։

Ամբաստանյալը «գործազուրկ է և ընտանիք չունի»։ Պետրոսյանն ու նրա պաշտպանները խնդրել են որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը, քանի որ մեղադրյալի մայրը տառապում է Ալցհեյմեր հիվանդությամբ և խնամքի կարիք ունի։

«Ես ձեզ խնդրում եմ ինչպես մարդը մարդուն` ինձ ազատ արձակեք»,- դիմել է նա դատարանին։ Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ ընդամենը ցանկանում էր բարձրաձայնել իր խնդիրը և ուշադրություն հրավիրել ռուսական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վրա։

«Ես հանցագործ չեմ, երբեք օրենք չեմ խախտել, բացի երթևեկության կանոններից։ Ինձնից ի՞նչ հանցագործ, եթե ես բանկ գրավելու էի գնացել անձնագրով և բաց դեմքով»,- ասել է նա։

Դատական նիստի ընթացքում Պետրոսյանը հացադուլ է հայտարարել։

Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան 4 հոգու պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում և սպառնացել էր պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց էր թողել պատանդներին և հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացրել, կեղծ էր եղել: ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն` Պետրոսյանի արարքը պատժվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ: