Բավ է պառակտվել
27-09-2017 16:29

« Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած սպանության մեղադրյալներից մեկը ցուցմունք է տվել

Սեպտեմբերի 22-ին Երևանում ձերբակալվել էր Ռաֆիկ Խաչատրյանը՝ սեպտեմբերի 14-ին « Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված աղմկահարույց հարձակման կասկածյալներից մեկը: Հիշեցնենք, որ հարձակման արդյունքում 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը մահացել էր, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը վնասվածքներ էր ստացել:
Խաչատրյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):
60-ամյա Խաչատրյանի ձերբակալությունը երկարաձգվել էր: Հիշեցնենք, որ կատարվածից հետո նրա, ինչպես նաև Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել և հայտարարել, որ սերտ հարաբերություններ ունի հետախուզվողների հետ: Խաչատրյանը նրանց պարբերաբար մեքենա է տրամադրել: Նրա ցուցմունքների համաձայն, Կարադավիդովն իրեն ներշնչել էր, որ Աբգարյանի սպանությունը վերջ կդնի մշտական հանցագործություններին:
«Կարադավիդովը պատմել է, որ Վահագնը սպանել է իր ազգականներին և ընկերներին. սպանության պատվերներ է տվել, Ալավերդին պահել է մշտական լարվածության մեջ: Նաև հայտնել է նրան, որ նման մտադրություններ ունի (սպանության ), սակայն նրանց ճանաչող Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձևավորվել, որ նրանք չեն կրակի»,- մանրամասնում է Խաչատրյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Խոսելով ապօրինի զենքի մասին Ֆարմանյանն ընդգծել է, որ իր պաշտպանյալի մոտ գտնվող զենքն իսկական չի եղել: Նրա պաշտպանյալի խոսքերով, կատարվածից հետո այն (զենքը) նետվել է Հրազդանի կիրճը: Սակայն, չնայած գործադրված ջանքերին, այն դեռևս չի հայտնաբերվել:
«Նրան հարցրել են, արդյոք զենք ունի՞, նա պատասխանել է, որ ունի, բայց այն իսկական չէ, ինչին էլ պատասխանել են, որ կարևորն այն է, որ նրա ձեռքում ինչ-որ բան լինի»,- հավելել է փաստաբանը:
Ֆարմանյանը նաև հայտարարել է, որ դեպքի օրը հայտնաբերված մեքենան Կարադավիդովի խնդրանքով վարձակալել էր իր պաշտպանյալը: Կարադավիդովը սեփական ավտոմեքենա չի ունեցել, այդ պատճառով էլ օգտվել էր Խաչատրյանի ծառայությունից:
Ինչպես հաղորդում է փաստաբանը, Խաչատրյանը ընդունում է, որ դարանակալել է հյուրանոցի մոտ, սակայն մինչ վերջին պահը չի իմացել, որ Բլբուլյանն ու Կարադավիդովը կրակելու են:
«Հույս ունեմ, որ քննչական կոմիտեն մոտ ժամանակներս կփոխի մեղադրանքները»,- ասել է Ֆարմանյանը, հավելելով, որ իր պաշտպանյալը չի կատարել արարք, որը միտված կլինի դիտավորությամբ ուրիշի կյանքը զրկելուն՝ առավել ևսՄոսինյանի, ում նույնիսկ չի ճանաչել:
Ի պատասխան հարցին, թե ինչով է զբաղվել իր պաշտպանյալը, փաստաբանը պատասխանել է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նա եղել է «Թուֆենկյան» հյուրանոցի շինարարներից, իսկ հետո՝ տաքսու վարորդ: