Բավ է պառակտվել
12-08-2016 17:05

Պետական մեղադրողը ցմահ ազատազրկում է պահանջում Պերմյակովի համար

Դատախազը պահանջում է ցմահ ազատազրկել Գյումրիում բազմանդամ ընտանիքի սպանության մեջ մեղադվրող Վալերի Պերմյակովին։ Օգոստոսի 12-ին կայացած դատական նիստին դատախազ Գևորգ Գևորգյանը ներկայացնելով մեղադրանքը` պահանջեց ցմահ ազատազրկել Ավետիսյաննի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին։

Դատախազը մեղադրանքը ներկայացնելիս այն համադրեց Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը: Դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու միջնորդություն ներկայացրեց` պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Նշենք, որ դատախազն իր ճառը ներկայացրեց առանց Ավետիսյանների շահերի պաշտպանների. մինչ այդ Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքել էին դահլիճը և հայտարարել, որ այլևս դատական նիստերին չեն մասնակցի: Նրանց այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը մերժեց դատը 2-3 շաբաթով հետաձգելու` իրավահաջորդների շահերի պաշտպան Արտավազդ Կիվիրյանի միջնորդությունը:

Միջնորդությունը պատճառաբանվում էր նրանով, որ տուժողները ռուսական կողմին ներկայացրած փոխհատուցման վերաբերյալ քաղհայցի` ընդանուր իրավասության և Վերաքննիչ դատարաների մերժումից հետո դիմել են Վճռաբեկ դատարան, և ժամանակ է պետք հետագա քայլերը հստակեցնելու ու հայցի ընթացքին հետևելու համար:

Դատավորը միջնորդությունը մերժեց այն նկատառումով, որ ժամկետները խելամիտ չեն, դատը կձգձգվի: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ արդեն հստակ է դատավարության ընթացքը, դատական նիստերին ներկա գտնվելու անհրաժեշտություն չկա: Սահակյանին միացան նաև մյուս փաստաբանները: