Բավ է պառակտվել
21-05-2014 10:27

Հայաստանում ազատազրկված նախկին ոստիկանները այլևս չեն պահվի միևնույն խցում այլ ազատազրկվածների հետ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ կալանավորված անձանց հետ մեկ խցում պահելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանի աշխատակազմ:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի 1-ին տեղակալն այլ կալանավորված անձանց հետ միասին պահվում էր միեւնույն խցում: Իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներին այլ ազատազրկվածներից անջատ պահելը, սակայն, օրենսդրական պահանջ է: Այն չպահպանելը կարող է հանգեցնել վերջիններիս նկատմամբ բռնության հնարավոր դրսեւորումների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Պաշտպանի միջամտության արդյունքում Քրեակատարողական վարչության պետին տրվել է ցուցում՝ անվերապահորեն պահպանել օրենսդրությամբ նախատեսված պահանջները եւ բացառել նմանատիպ դեպքերը:

Արդարադատության նախարարությունը նախկինում ժխտում էր իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների հանդեպ օրենսդրության պահանջի խախտման դեպքերը, մինչդեռ Պաշտպանի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) տեղում իրականացրել էր ուսումնասիրություն եւ արձանագրել այդ խախտումները:

Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Արդարադատության նախարարության պատրաստակամությունը եւ ակնկալում է արդյունավետ համագործակցություն»: