Բավ է պառակտվել
04-10-2016 14:20

Իրավիճակի սրում Սիրիայում. 8 զոհ և 11 վիրավոր հայերի շրջանում

Սիրիայում իրավիճակի սրման հետևանքով օգոստոս-սեպտեմբեր ամիսներին զոհվել է 8 տեղաբնակ հայ, համայնքի ևս 11 անդամ վիրավոր է, հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրափիոնյանը:

«Հինգ տարի տևած պատերազմի ընթացքում սփյուռքի ամենակենսունակ համայնքներից մեկի թվաքանակը կրճատվել է` 250-ից մինչև 20 հազար: Հայկական թաղամասերը շարունակում են մնալ ԻՊ-ի ամենագլխավոր թիրախներից մեկը ոչ միայն որպես քրիստոնյաներով բնակեցված, այն նաև որպես ամենաբարեկարգ թաղամասեր», - երեքշաբթի լրագրողներին ասաց Սրափիոնյանը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի նախարարությունը գործադրում են բոլոր ջանքերը, մշտական կապի մեջ են գտնվում Սիրիայում Հայաստանի հյուպատոսության հետ և տիրապետում են օպերատիվ տեղեկատվությանը: «Մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սիրիայում, եկրորդը կմեկնի այսօր կամ վաղը», - ասաց Սրափիոնյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են հայերը շարունակում ապրել Սիրիայում` չնայած կյանքին սպառնացող վտանգին և չեն հեռանում երկրից, նա հայտարարեց, որ բոլորը, ովքեր դիմել են հյուպատոսություն, օգնություն են ստանում:

«Հայերից շատերին Սիրիայում պահում են բանկային կամ զինվորական պարտավորությունները: Հայաստան հայրենադարձած ոչ մի սիրիահայ չի մնացել առանց պետական օգնության: Այս տարիներին Սիրիայից եկած փախստականների թիվը կազմել է 20 հազար, որոնցից 13 հազարը դարձել է Հայաստանի քաղաքացի», - ասաց Սրափիոնյանը:

Նա նշեց, որ սիրահայերին վերաբերող բոլոր հարցերը լուծվում են նրանց համար ամենաբարենպաստ ձևով: «Նրանց տրամադրվում են ժամանակավոր կացարաններ, աջակցություն է ցուցաբերվում բնակարանների վարձակալման և ուսման վարձի հարցերում, վարկեր են տրամադրվում ցածր տոկոսադրույքներով», - ասաց Սրափիոնյանը:
Նա հայտնեց, որ Սիրիայից Հայաստան ներգաղթած 20 հազար մարդուց հիմա երկրում բնակվում է 17 հազարը, որոնցից 5 հազարն ունեն մշտական աշխատանք: Հայաստանի բուհերում և դպրոցներում ուսում են ստանում շուրջ հազար սիրիահայեր: