19-03-2016 13:54

Հայտնաբերվել են Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի «սև արկղերը»

Հայտնաբերվել են Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 ինքնաթիռի «սև արկղերը»։ Այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովան:
««Սև արկղերը» հայտնաբերվել են, այդ իսկ պատճառով այսօր, հավանաբար, արդեն որոշում կկայացվի՝ երբ դրանք կվերծանվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո արդեն պարզ կլինի ՝ որն է եղել վթարի պատճառը։ 
Ուժային կառույցներում աղբյուրի խոսքով՝ հայտնաբերվել է «սև արկղերից» միայն մեկը։
Ի դեպ, հետաքննությանը կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից փորձագետներ։  
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Ինքնաթիռը Դոնի Ռոստով էր մեկնել Դուբայից։