Բավ է պառակտվել
09-04-2014 11:37

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայության խնդրին

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Նշենք, որ այս ինստիտուտը միավորում է հարյուրավոր օմբուդսմենների ու իրավապաշտպանների ողջ Եվրոպայում:
Ինստիտուտի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:
Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո»:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Քեսաբի հարցով հրատապ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: