12-09-2014 16:26

Բարաք Օբաման ընդունել է հայկական եկեղեցու ներկայացուցիչներին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 11-ին ընդունել է Մերձավոր Արեւելքի մարոնիների, հայկական եկեղեցու, ասորական, ուղղափառ, հունական եւ սիրիական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:
Դիմելով նախագահ Օբամային՝ Արամ Ա-ն առաջին հերթին ցավակցություն է հայտնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13-րդ տարելիցի առթիվ: Վեհափառը նշել է, որ ահաբեկչությունն իր տարբեր դրսեւորումներով շարունակվում է աշխարհի տարբեր ծագերում, այդ թվում նաեւ՝ Մերձավոր Արեւելքում: Կաթողիկոսն ընդգծել է, որ տարածաշրջանում ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն քրիստոնյաների, այլեւ մահմեդականների եւ ողջ աշխարհի համար: Ըստ նրա՝ հավաքական եւ համաձայնեցված ջանքերը պետք է ուղղվեն ծայրահեղականության դեմ պայքարին:
Խոսելով Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների մասին՝ վեհափառը նշել է, որ քրիստոնյաներն օտար չեն տարածաշրջանում եւ չպետք է երկրորդ կարգի քաղաքացի համարվեն, քանի որ նրանց պատմությունը խոր արմատներով գնում է դեպի Մերձավոր Արեւելքի պատմություն: Արամ Ա-ն ողջունել է նախագահ Օբամայի հայտարարությունը համատեղ ջանքերով ծայրահեղական շարժումներն արմատախիլ անելու վերաբերյալ:
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել առաջին հերթին Իրաքի քրիստոնեական համայնքի ծանր վիճակի մասին: Մարոնիների պատրիարք Ռային նախագահ Օբամային է ներկայացրել հոգեւոր առաջնորդների նախապես պատրաստած նամակը:
Նախագահ Օբաման, իր հերթին, ներկայացրել է իր հայտարարության առանցքային կետերը՝ ընդգծելով, որ խղճի ազատությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում են մնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները: