Բավ է պառակտվել
21-04-2015 11:33

ՀՀ ԱԺ-ն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն հայտարարություն ընդունեց

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ նիստում պատգամավորները միաձայն՝ 113 կողմ, ընդունեցին հայտարարություն «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:

Քվեարկության արդյունքները խորհրդարանականներն ընդունեցին ծափողջյուններով:

Հայտարարության տեքստում նշվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
- արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
- կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,

կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»: