Բավ է պառակտվել
20-02-2015 16:55

Գագիկ Ծառուկյանին կփոխարինի Արսեն Քարամյանը

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում այսօր տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, որոնք առաջադրեցին եւ միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին: Իր ելույթում Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության համար եւ համոզմունք հայտնեց, որ բուհը կշարունակի բարձր մակարդակով իրականացնել իր գիտակրթական գործունեությունը։ «Բոլոր այն լավ ավանդույթները, որոնք կան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում պետք է շարունակվեն, բայց միեւնույն ժամանակ պետք է մտածել նոր ավանդույթների ձեւավորման, գիտակրթական գործի կազմակերպման որակի բարձրացման, ուսումնառության եւ դասավանդման մեթոդների արդիականացման մասին: Արագ փոփոխվող դարաշրջանում բարձրագույն կրթությունը պետք է զարգանա համաշխարհային կրթագիտական միտումներին համընթաց, որովհետեւ միայն այդպես է հնարավոր ունենալ գիտակից ու բանիմաց քաղաքացիներ եւ ստեղծել գիտելիքահեն հասարակություն»,- նշեց Ա. Քարամյանը: Առաջիկայում լրանում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը եւ խորհրդի նորընտիր նախագահը պատրաստակամություն հայտնեց ինստիտուտի բոլոր ժամանակների լավագույն շրջանավարտների ներուժի ներգրավմամբ հավուր պատշաճի նշելու բուհի հոբելյանը:  Իր ելույթի ավարտին Ա. Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խորհրդում իրականացրած աշխատանքների համար: