19-06-2017 12:05

Երևանում « Հայկական գյուղ» անվանումով նոր թաղամաս կկառուցվի (Լուսանկարներ)

 

Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի հարակից տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:

 
Կարապետյանին ներկայացվել են ծրագրի մանրամասները, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական ուղղվածությամբ թաղամաս:
Թաղմասում կտեղակայվեն բնակելի տներ, հյուրանոցներ(հյուրատներ), ինչպես նաև ցուցասրահներ, որոնցում ցուցադրված կլինեն գեղանկարչական ու ազգային արհեստների նմուշներ (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերներ):

 
Մինչ նախագծի իրագործման մեկնարկը, Քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ՝«Հայկական տան» տիպերի վերաբերյալ, որոնք բնորոշ են հայկական տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն ):
Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են: Ներկայումս ձևավորման փուլում է գտնվում կառուցապատման ներդրումային ֆոնդը, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը:
Վարչապետը պատասխանատու անձանց հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակում ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը՝ ներդրողների հետ այն քննարկելու համար:
Կարապետյանը վստահություն է հայտնել, որ «Հայկական գյուղը» կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, նպաստել մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը: