Բավ է պառակտվել
19-12-2013 15:53

Նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, կենսաչափական անձնագրերը՝ ցանկալի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը հայտարարեց, որ 2012 թ հունիսից մինչ օրս ավելի քան 91.000 քաղաքացի ստացել է նույնականացման քարտեր, իսկ 4500 հոգի՝կենսաչափական անձնագրեր: Բանախոսը վստահեցրեց, որ համակարգը բավական արդյունավետ է գործում և կենսաչափական փաստաթղթերի առավելությունը բացահայտ է. ՙկենսաչափական անձնագրերով ավելի հեշտ են օտարերկրյա դեսպանատներում տրամադրվում մուտքի վիզաներ և ավելի հեշտ են անցնում սահմանային անցակետերով:

Կենսաչափական անձնագիրն ունի 40 էջ, ի տարբերություն սովորական անձնագրի, որի էջերի թիվը 32 է՚: Պրն. Մուրադխանյանը հիշեցրեց, որ կենսաչափական անձնագրերը նախատեսված են երկրից դուրս մեկնելու համար և որոշ ժամանակ անց երկրներ կլինեն, որոնք առանց այս անձնագրերի իրենց երկիր թույլ չեն տա մտնել. ՙԴա օրվա պահանջ է՚, - ավելացրեց նա:

Անրադառնալով նույնականացման քարտերին, բանախոսը նշեց, որ դրանք իրենց մեջ պարունակում են էլեկտրոնային ստորագրություն, ավելի դյուրին են օգտագործելու համար: Նույնականացման քարտում զետեղված են լինելու քաղաքացու անկետային բոլոր տվյալները և հանրային ծառայության համարանիշը, սակայն եթե վերջինս չցանկանա՝ հանրային ծառայության համարանիշը կարող է և զետեղվել:

Նույնականացման քարտը պարտադիր է ունենալ, դրա պետտուրքը 3000 դրամ է, իսկ ահա կենսաչափական անձնագիր ձեռք բերելը պարտադիր չէ, քանզի ոչ բոլորը կարող են վճարել դրա համար սահմանված 25.000 դրամը:

"Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին և 16 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր առաջին անգամ են նույնականացման քարտ ստանալու, դրանք տրամադրվելու են անվճար", - ավելացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետը:

Որպես ամփոփում, Նորայր Մուրադխանյանը հին նմուշի անձնագրերի վերաբերյալ ասաց, որ  բոլոր անձնագրերը մինչ ժամկետի ավարտը ուժի մեջ են լինելու, և քաղաքացիները, չցանկանալու դեպքում, կարող են չօգտվել կենսաչափական անձնագրերից և նույնականացման քարտից: