Բավ է պառակտվել
25-03-2014 15:18

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը վթարի մասին հրապարակել է նոր տեղեկություններ (տեսանյութ)

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այնպիսի փաստեր, որոնք նախկինում չեն հրապարակվել: Նա ներկայացրեց վթարի վայրից լուսանկարներ և վթարի 3D տարբերակը ու բացատրեց, որ Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի մեքենայի դիմացի մասն ամբողջությամբ կոտրված է եղել, իսկ ճանապարհի բանուկ մասում թափված է եղել հեղուկ: «Չի կարող պատահել, որ վթար լինի մի վայրում, իսկ «անտիֆրիզի» հեղուկը թափվի մի քանի մետր այն կողմ: Բացի դա, քննիչի արձանագրության մեջ չկան Նիվա մակնիշի մեքենայի կողասարքերի հետքերը: Մեզ մոտ եղած լուսանկարներում երևում է, որ ոստիկանության մեքենան, չգիտես ինչու, գալիս, կանգնում է վթարի տեղը և ծածկում ԲՄՎ-ից թափված հեղուկի հետքը, իսկ մյուս նկարում երևում է, որ քննիչը նայում է կողասահքի հետքերին, սակայն չի արձանագրում»,-բացատրեց Բաղդասարյանը: Փաստաբանը հավելեց, որ ճանապարհի այդ մասում չկան հատուկ նշաններ, որոնք կզգուշացնեն վարորդներին: Ըստ նրա, 3D տարբերակից երևում է, որ Նիվա մակնիշի մեքենան հետընթաց է կատարել, ավազի ճանապարհով Աշտարակ քաղաք գնալու համար, որի ժամանակ դուրս է եկել ճանապարհից և բախվել Վարդան Պետրոսյանի BMW մակնիշի մեքենային: Փաստաբանը նշեց, որ 3D մոդելավորումն արել են PC ծրագրով, որով աշխատում են Եվրոպական շատ երկրներում: Իսկ փորձաքննությունն արել է Սլովակիայի հանրապետության դատական փորձաքննությունների Ինստիտուտի տնօրեն, Վթարների հետազոտությունների և վերլուծությունների Եվրոպական ասոցիացիայի նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի գծով փոխնախագահ Գուստաֆ Կասանիցկին: Վերջինս Skype-ի միջոցով խոսելու ընթացքում ասաց, որ ոստիկանները սխալ են աշխատել վթարի դեպքի վայրում և չեն կարողացել ճիշտ լուսանկարել: «Հայաստանում վթարի ժամանակ դեպքի վայրում կատարում են մոտավոր չափագրումներ, որոնք այդքան էլ ստույգ չեն, հետո նորից են դեպքի վայրում չափումներ անում, սակայն այնտեղ հետքերը պահպանված չեն լինում։ Այդ ամենից հետո հարցաքննում են կողմերին ու քննիչը նայում է, թե որի ասածն է արժանահավատ ու հիմնականում նայում են տուժող կողմի ասածներին: Եթե բարձր արրագությամբ հետևից վթար է լինում, ասում են, որ է մեղավոր է ետևի մեքենայի վարորդը, իսկ Եվրոպայում հենց սկզբից ամբողջ դեպքի վայրը լուսանկարվում է և բացառվում է, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ լինի սխալ: Հետո տալիս են փորձագետներին և մոդելավորում են: Այդպիսով՝ իրականում կարող ենք ասել, թե ոնց է տեղի ունեցել վթարը: Եթե դատախազը կամ քննիչը չեն կարողանում կողմնորոշվել փաստերի մեջ, ապա նորից են քննում լուսանկարներ ու արձանագրությունները: Կարող եմ ասել, որ այնտեղ սուբյեկտիվիզմը բացակայում է: Այս գործը մենք նույնպես այդպես ենք փորձել անել»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Ասուլիսին ներկա էր նաև «Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Վերջինս ևս ասաց, որ դեպքի վայրում բացակայում են ճանապարհատրանսպորտային նշանները: «Դեպքը եղել է, հիմա ինչու՞ չեք դնում նշաններ»,- հարց տվեց Է. Հովհաննիսյան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։