Բավ է պառակտվել
18-01-2014 19:19

Նոր մանրամասներ սահմանին հայտնաբերված աննախադեպ քանակի թմրանյութի գործի վերաբերյալ

ԱԱԾ լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում Հայաստանի սահմանին (Մեղրի) հայտնաբերված աննախադեպ քանակի թմրանյութի գործի վերաբերյալ:
ԱԱԾ-ից հայտնում են, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն:
Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ gisher.news-ն հայտնել էր, որ Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: