Բավ է պառակտվել
23-07-2016 09:46

ՊՊԾ գնդի գրոհի 7-րդ օրը (լուսանկարներ)

Շուրջ 150 ժամ է անցել Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների:

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում:

Նախօրեին երեկոյան Խորենացի փողոցը կրկին բազմամարդ էր, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին: Այստեղ ելույթ են ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեգ Ենիգոմշյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարել է, որ թույլ չի տալու ալկոհոլ օգտագործած անձանց գտնվել տարածքում։ Վերջինս հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ամոթալի հայտարարություն է արել, նա դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ լավրովյան պլանն իրագործելու համար:

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Պատանդները պետք է ազատ արձակվեն, զինված խումբը պետք է վայր դնի զենքը: 

Նշենք, որ արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4 է, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։


Հուլիսի 20-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: 51 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բերման է ենթարկվել 136 մարդ, ձերբակալվել է 16-ը: