Բավ է պառակտվել
21-09-2015 08:02

Հայաստանի Հանրապետությունը 24 տարեկան է

Քսանչորս տարի առաջ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Քվեարկության իրավունք ունեցողների 94,99%-ն «այո» ասաց անկախությանը։
Դեռևս Անկախության հանրաքվեի արդյունքները չամփոփված` մարդիկ դուրս էին եկել փողոց և նշում էին այդ իրադարձությունը: Սեպտեմբերի 21-ին` կայացած ընտրություններից երկու օր անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկության մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 94,39%-ն: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար, 617 մարդ, դեմ` 0,46 տոկոսը: 
Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Անկախության հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ` 25 երկրից: 
Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։