07-12-2016 16:29

Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Կասկածյալներն անչափահասներ են։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 և 2000թթ. ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի խանութում։ Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ։

2016թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը), խանութը շահագործող անհատ ձեռներեցը ճանաչվել է տուժող։

Քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տպիչ սարքը, որն, ըստ քննության տվյալների, օգտագործվել է կեղծ փողեր պատրաստելու համար, տպագրական թղթեր, ինչպես նաև համակարգիչների պրոցեսորներ։ Առգրավվել և զննվել են խանութի տեսահսկման համակարգի տեսագրությունները և կեղծ թղթադրամը:

Անչափահասները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: