Բավ է պառակտվել
01-11-2014 18:11

Գերիների հանձնումը դժվար է, քանի որ չկա վստահության մթնոլորտ.ՀՀ ՊՆ

Գերիների հանձնման գործընթացում առաջընթաց ակնկալելը չափազանց դժվար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական իշխանական կապերի բացակայության պատճառով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք մեկս մյուսի հետ աշխատում ենք միջազգային կառույցների միջոցով, եւ եթե այդպիսի առաջընթաց մենք ունենանք, ապա կլինի նաեւ արդյունք: Ճիշտն ասած՝ բանակցային գործընթացից, բացի խոսքից, արված հայտարարություններից, մենք այլ բան չենք տեսնում, որովհետեւ գտնում եմ, որ հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են, սակայն եւ հանդիպման օրերին, եւ մի քանի օր առաջ նորից լարված է իրավիճակը, եւ կրակոցների թիվը շատացել է»,-ասաց նախարարը: Սեյրան Օհանյանի խոսքով՝ վստահության ամրապնդման համար մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն Հայաստանի եւ Արցախի սահմաններին: «Վստահության ամրապնդման այսօրվա միջոցառումները վերաբերում են Հայաստանի եւ Արցախի սահմաններին ընթացող միջոցառումներին, որոնք զերծ կպահեն լարվածության մթնոլորտի ստեղծումից: Դրանք հիմնականում դիպուկահարների հետ քաշելն է, դիվերսիոն հետախուզական գործողությունների բացառումը եւ միջազգային հետաքննությունների անցկացումը, որպեսզի բացահայտեն, թե որ կողմն է խախտում իրականացնում՝ համապատասխան որոշումներ ընդունելու համար»,-ասաց նա: Նախարարի խոսքով՝ վստահության մթնոլորտ ապահովելու նպատակով հայկական կողմի ձեռնարկած միջոցառումներին հակառակորդը միշտ բացասական պատասխան է տվել: «Մի քանի անգամ մենք միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ՝ մեր կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի, միայն իրականացնելով պաշտպանական խնդիրներ, եւ նաեւ մեր կողմից միակողմանի հետաքննական միջոցառումներ անցկացնելով»,-նշեց Սեյրան Օհանյանը: