Բավ է պառակտվել
26-01-2015 14:39

Մեզ անհրաժեշտ է ազատվել զոհերի կերպարից, «ում կոտորում էին, ինչպես ոչխարների». Արտակ Շաքարյան

Հայաստանի հանրությունը Հայոց Ցեղասպանության կապակցությամբ ավելի շատ է տեղեկացված Թուրքիայի, քան Հայաստանի գործողությունների մասին: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով՝ միջցառումների ծրագիրը պետք է հրապարակվեր դեռևս հունվարին, սակայն այսօր դեռ ոչինչ հայտնի չէ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պատրաստվող միջոցառումների մասին: Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ, հնարավոր է՝ այդ ռազմավարական քայլ է, որի նպատակը անսպասելիության էֆեկտն է, Շաքարյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ միջոցառումները որակապես տարբերվեն նախկինում կազմակերպվող միջոցառումներից, որպեսզի հնարավոր լինի չեզոքացնել թուրքական կողմի հակազդեցությունը: «Օրինակ, եթե ապրիլի 24-ին բոլորի համար անսպասելիորեն Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում, Մադրիդում և Նյու Յորքում բացվեին Ցեղասպանության թանգարաններ», - հայտարարեց նա: Որակական ևս մեկ փոփոխություն տեղի կունենար, եթե հայկական կողմին հաջողվեր հասնել նրան, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչած երկրների դասագրքերում գոնե երկու էջ նվիրված լիներ Ցեղասպանությանը: Ազդեցիկ քայլ կլիներ նաև եթե հայկական կողմը սկսեր անձնական հայցերով դիմել միջազգային դատարան մասնավորկարգով հողերը վերադարձնելու նպատակով: Բացի այդ Շաքարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը չպետք է միջոցառումներով սահմանափակվի միայն ապրիլի 24-ին: «Այս տարի շատ 100-ամյակներ կան. օրինակ՝ Վանի, Մուսա լեռան ճակատամարտի հարյուրամյակները և այլն: Մեզ անհրաժեշտ է ազատվել Սովետական ժամանակաշրջանում ձևավորված զոհերի կերպարից, «ում կոտորում էին, ինչպես ոչխարների»: Իրականում հայերը գրեթե ամենուրեք դիմադրում էին: Չկար գյուղ, որտեղ չդիմադրեին գոնե կես ժամ», - հայտարարեց նա: