Բավ է պառակտվել
18-05-2015 12:33

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը առաջարկում է տեղափոխել Գյումրի որոշ երևանյան բուհեր

«Երևանն այսօր գերբեռնված է, շրջանները՝ թերբեռնված, այսինքն տարածքային համաչափ զարգացման խնդիր կա,  Երևանի բուհերում սովորող հարյուր հազար ուսանողը զբաղեցնում են հասարակական տրանսպորտի 30 տոկոսը», - այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը՝ անդրադառնալով Գյումրու զարգացման իր մոտեցումներին, որոնք առաջարկվել էին ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստում: Ճարտարապետի կարծիքով՝ բուհերի Գյումրի տեղափոխումը կնպաստի հայրաքաղաքի երիտասարդացմանն ու աշխուժացմանը, կձևավորի ներդրումային դաշտ Գյումրիում: Փոխարենը, ըստ Մուշեղյանի, բուհերի ազատ մնացած շենքերը կարելի է վարձակալության հանձնել որպես հյուրանոցներ: Հանդիպման մյուս բանախոս, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանն էլ, մեկնաբանելով Գ. Մուշեղյանի առաջարկությունները, ասաց, որ այդ ծրագիրը չի իրագործվի, որովհետև համալսարանները միայն շենքեր չեն, նաև գաղափար կրող կառույցներ են: Մարտիրոսյանի կարծիքով՝ դասախոսների և ուսանողների մի մասն էլ չի գնա Գյումրի, իսկ Գյումրու զարգացումը, Մարտիրոսյանի կարծիքով, պետք է տեղի ունենա տեղում, այսինքն՝ Գյումրիում գործող պետական բուհերի մասնաճյուղերը պետք է զարգանան, մասնագետներ ներգրավվեն, ստեղծել ուսանողների համար այնպիսի մթնոլորտ, որ վերջիններիս իրենց կամքով դիմեն այնտեղ սովորելու: