Բավ է պառակտվել
29-04-2016 12:06

Չի կարելի ցուցադրել ՊԲ զինծառայողների խոշտանգված մարմինների լուսանկարները

ԼՂՀ ՊԲ զինծառայողների խոշտանգված մարմինների լուսանկարները չի կարելի ցուցադրել, քանի որ դա կարող է խոչընդոտել ցանկացած գործընթացի՝ ուղղված դատարաններում և միջազգային այլ կառույցներում բողոքների ներկայացմանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսին ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցում հայկական կողմը բավական զգուշավոր է։ «Այսօրվա դրությամբ իրավական գործընթացներ են սկսվել։ Շատ դեպքերում տեղեկատվության տարածումը սահմանափակ է։ Այստեղ բավականաչափ զգուշություն է անհրաժեշտ։ Մենք սպասում ենք, որ որոշակի դատական գործընթացներ ընթացք ստանան»,- նշեց Ալավերդյանը եւ հավելեց, որ իրավիճակն ամենասկզբից արձանագրվել է ԿԽՄԿ-ի կողմից։

«Ստեղծված իրավիճակում ստացվում է, որ իրավական գործընթացների ուղղությամբ աշխատում է հասարակությունը։ Վստահ եմ, որ այդ աշխատանքը պետք է ակտիվորեն կատարի իշխանությունը։ Ակտիվություն է անհրաժեշտ»,- հավելել է Լարիսա Ալավերդյանը։