Բավ է պառակտվել
11-07-2016 17:11

Թռչող մարդիկ կհայտնվեն Հայաստանի երկնքում

Հայաստանում հուլիսի 11-19-ը տեղի կունենան Պարապլաներային սպորտի երկրորդ միջազգային մրցումները. այս մասին  լրագրողներին հայտնեց Պարապլաներիզմի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մենք ծրագրում ենք հաջորդ տարի անցկացնել աշխարհի գավաթը, իսկ ներկա մրցաշարը նախագավաթային է, ուստի այն պետք է անթերի անցնի»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ աշխարհում ամեն տարի անցկացվում են հինգ գավաթներ, որոնց արդյունքներով որոշվում է հաղթողը։

Նրա կարծիքով` Հայաստանը բարենպաստ երկիր է այդ մարզաձևի համար։
«Լեռները, եղանակը` տարեկան 300 արևոտ օրերը, հիանալի պայմաններ են թռիչքների համար»,- ասաց Սարգսյանը։ Նա նշեց, որ մրցումները տեղի կունենան Թեղենիս լեռան գագաթին` Բուժական գյուղի մոտակայքում։

«Այս տարի մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել 180 պարապլաներիստներ աշխարհի 24 երկրներից, այդ թվում` Ավստրալիայից, Չեխիայից, Լեհաստանից, Նոր Զելանդիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, ինչպես նաև Թուրքիայից։ Մենք ընտրել ենք 150 օդաչուների», — հավելեց Սարգսյանը։

Նա հաղորդեց, որ մրցումներից հետո կարող են թռչել նաև շուրջ 60 «ֆրիֆլաերներ», որոնք հատուկ դրա համար ժամանել են Հայաստան։

Ֆեդերացիայի գլխավոր նպատակներից մեկն է Հայաստանը ճանաչելի դարձնել նաև որպես պարապլաներային սպորտի երկիր։

«Մեր նպատակն է տարեցտարի ավելացնել ֆրիֆլաերների թիվը, մասնակիցների թիվն ամեն դեպքում չի կարող գերազանցել 150-ը` երկնքում բախումներից խուսափելու նպատակով։ Մենք ցանկանում ենք հետաքրքրություն առաջացնել արտասահմանյան օդաչուների մեջ», — ասաց Սարգսյանը։

Մեկնաբանելով Թուրքիայի մասնակցությունը` նա նշեց, որ ողջ աշխարհի պարապլաներիստները մեկ ընտանիքի անդամներ են, իսկ այստեղ քաղաքականությունն անթույլատրելի է։

«Գիտե՞ք` ողջ աշխարհի պարապլաներիստները, որոնց թիվը 800 հազար է, մեկ ընտանիքի անդամներ են։ Մենք օդի մարդիկ ենք, և այլ հարցերը մեզ չեն վերաբերում»,- ասաց նա։

Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին` Սարգսյանն ասաց, որ այդ մարզաձևով կարող է զբաղվել յուրաքանչյուր մարդ, քանի որ պարապլանն ֆինանսապես ավելի մատչելի է, քան այլ թռչող սարքերը, իսկ սովորելու համար պահանջվում է ընդամենը երկու ամիս։

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր են. դրանք կխթանեն էքստրեմալ զբոսաշրջության զարգացումը մեր երկրում։

«Պարապլաներիզմի ֆեդերացիայի նախաձեռնությունն անհնար էր մերժել։ Նման միջոցառումների շնորհիվ ավելանում է զբոսաշրջիկների թիվը»,- ասաց նա։

Ապրեսյանը նաև նշեց, որ 2016թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում ճանապարհորդների թիվն աճել է 8,6 տոկոսով` անցած տարվա նույն շրջանի համեմատ։

2015թ-ին մրցումներն անցկացվել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի տարածքում. մասնակցել են մարզիկներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից և Մոնղոլիայից։