Բավ է պառակտվել
27-03-2014 15:07

Նախարարը լրագրողներին դիտողություն արեց. ՛՛ Ձեր ծնողների տարիքի են, խնդրում են չնկարել, դուք շարունակում եք նկարել՛՛

Այսօր, ՀՀ կառավարության շենքի դիմաց Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչները բողոքի ակցիայի ժամանակ շրջապատեցին կառավարությունից դուրս եկող Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։ Բեգլարյանը ցանկանալով բնակիչների հետ առանձնազրույց ունենալ՝ լրագրողներին առաջարկեց անջատել տեսախցիկները: Բնակիչներն իրենք էլ սկսեցին հորդորել լրագրողներին հեռանալ, ոմանց նույնիսկ հրելով փորձեցին հեռացնել, իսկ Բեգլարյանը, տեսնելով, որ տեսախցիկները չեն անջատվում, դիտողություն արեց լրագրողերին. «Ձեր ծնողների տարիքին են, խնդրում են չնկարել, դուք շարունակում եք նկարել»։ Բեգլարյանը լսելով նրանց, խոստացավ, որ նրանց խնդիրը կլուծվի ու հեռացավ։ Ըստ բնակիչների, Գագիկ Բեգլարյանը միակ պաշտոնյան է, որ ամեն անգամ մոտենում ու լսում է իրենց։ Նրանք շարունակեցին վանկարկել՝ «վարչապետ, վարչապետ»։ Շենքից դուրս եկած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նույնպես լսեց նրանց, տեղեկացրեց, որ կառավարությունը ընդունել է խնդրի հետ կապված մի քանի որոշումներ, բանակցել կառուցապատողի հետ, եւ ուշադրության կենտրոնում է պահում Երեւանում բնակարանային նմանատիպ մի քանի խնդիրները։ «Ես որպես իշխանություն կարող եմ ներողություն խնդրել անհարմարությունների համար, բայց կրկնում եմ՝ այնպես չի, որ ամեն ինչի մեղավորը կառավարությունն է։ Կան փոքրիկ, չասեմ թերացումներ, օբյեկտիվ պատճառներ, եւ արդյունքում մենք ունենք այս պատկերը»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ որոշ հարցեր քննարկվել են գաղտնի ռեժիմով, եւ ինքն իրավասու չէ դրանք հրապարակել։ Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով։