27-09-2014 18:18

Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում (լուսանկարներ)

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը և այլք:


Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման աշխատանքներին, բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող իրավիճակը: Բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը հավաստիացրել է, որ մարտական հենակետերում աշխատանքներն ընթանում են ինժեներական կահավորման կատարելագործման պլանին համապատասխան:


Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում էին նաև առաջնագծում ծառայություն իրականացնող սպաների ու զինվորների ճաշացանկը, նրանց հատկացվող սննդի որակը, տեսականին, սահմանված չափաբաժինները և սննդամթերքի պահպանման պայմանները:


Մարտական հենակետեր կատարած շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: