11-11-2014 20:46

Նախագահը հանդիպել է Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանդիպմանը քննարկվել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցությանը, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաև ս.թ. նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում: Հանրապետության Նախագահը ողջունել է Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի և Հայոց պետության: Նախագահը Եպիսկոպոսաց ժողովների գումարումը կարևոր իրադարձություն է համարել հայոց հոգևոր կյանքում և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել Մայր Աթոռում այսօր մեկնարկած ժողովին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքին, Սիրիայում չդադարող կործանարար պատերազմի հետևանքով այդ երկրի բնակչության հետ միասին ծանրագույն փորձությունների և զրկանքների ենթարկվող սիրիահայ համայնքին աջակցության խնդիրներին: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կարևորել և ժամանակի հրամայական են համարել Հայոց պետությանը, Եկեղեցուն ու հայ ժողովրդին միասնաբար ծառայելը և ի նպաստ համազգային խնդիրների լուծման՝ համատեղ գործելը: