09-10-2014 14:32

Նախագան ընդունել է Էլենի Թեոխարուսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին: Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը: Այդ ամենում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է նաև տիկին Էլենի Թեոխարուսի անձնական ներդրումը, շնորհակալություն հայտնել նրան և բարեկամության խմբի բոլոր անդամներին՝ ակտիվ, անաչառ ու հետևողական գործունեության համար: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև տիկին Թեոխարուսի այցելությունները Արցախ, ընդգծելով, որ նա Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներից է, որ լսելով չէ, որ պատկերացում է կազմում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա նախապատմության, Արցախի ժողովրդի այսօրվա մասին, ինչը, Նախագահի համոզմամբ, վկայում է Եվրոպայի դավանած ժողովրդավարական արժեքներին տիկին Թեոխարուսի նվիրվածության մասին:  Էլենի Թեոխարուսը վստահեցրել է, որ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբը շարունակելու է ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության: