06-09-2014 20:05

Պետք է 1-ին հերթին լայն քննարկումներ ծավալենք մեր շարքերում.նախագահը սահմանադրության բարեփոխումների մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում կայացած՝ ՀՀԿ խորհրդի նիստը: Նիստի ընթացքում ՀՀԿ նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` կուսակցության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա հայտարարեց. «Ես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու սահմանադրական բարեփոխումների հիմնախնդրին: Դուք գիտեք, որ մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության և մասնագիտական շրջանակների հետ, հուլիս ամսին հանձնաժողովի անդամներն այցելել են հանրապետության բոլոր մարզեր և ներկայացրել բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները»: Նախագահի խոսքով՝ իրենք անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա, երբ հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծ, այլ բոլոր այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար:
«Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար: Ուստի, մենք՝ որպես կառավարող կուսակցություն, պետք է առաջին հերթին լայն քննարկումներ ծավալենք մեր շարքերում, որից հետո ձեռնամուխ լինենք ակտիվ քաղաքական աշխատանքի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու համար: Հայեցակարգի ներկայացումից հետո պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ ինչպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ:

Եվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են: Եթե որևէ մեկը ձեզնից լսել է որևէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում:

Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո՞ք այդպիսի ձևակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեին, իսկ թե՝ հիմա ժամանակը չէ, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր, դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձևեր են և պատրվակներ: Ես վստահ եմ, որ մենք հոկտեմբերին ունենալու ենք փաստաթուղթ, և այն ժամանակ, իհարկե, խորհրդում կքննարկենք: Շատ ցանկալի է, որպեսզի մեր խորհրդի իրավաբանական դասն, անպայման, ակտիվ մասնակցություն ունենա մեր կուսակցական շարքերում այս փաստաթուղթը քննարկելու ժամանակ: Ես հույս ունեմ, որ դուք այսօր բավականաչափ ակտիվ կլինեք և գաղափարներ կտաք իմ հնչեցրած հարցերի շուրջ: Շնորհակալ եմ», -ասել է հանրապետության ղեկավարը: