24-08-2014 18:46

Սերժ Սարգսյանի այցը Միասին-2014 համահայկական ֆորում

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Արդեն վեցերորդ տարին անցկացվող այս հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երևանից և Հանրապետության մարզերից: Նախագահը շրջել է ճամբարի տարածքում, զրուցել ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին և առօրյային, նախորդ օրերին անցկացված միջոցառումներին:

Նախագահին ներկայացվել է, որ ճամբարի մասնակիցներն ապրում են հագեցած և հետաքրքիր օրակարգով, ճամբարում անցկացվում են ամենօրյա դասախոսություններ ամենատարբեր թեմաներով, հյուրընկալվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, կազմակերպվում են սպորտային մրցումներ, ժամանցային այլ միջոցառումներ:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, երիտասարդության հարցերին, պաշպանությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանց հեռանկարին, այդ հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշմանը վերաբերող հարցի կապակցությամբ Նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի Արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Ըստ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա նաև, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը: Իսկ «Ե՞րբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը» հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել. նա ընդգծել է՝ Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի: