05-11-2014 21:27

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական և քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:

Մենք կորցրինք փորձառու և հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա և նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Վլադիմիր Մովսիսյանը եղել է առաջին հերթին ազգային կերպարի մարմնացում: Զբաղեցնելով պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններ՝ նա միշտ հավատարիմ մնաց երկրին և ժողովրդին ծառայելու իր տեսլականին: Քաջածանոթ լինելով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներին` նա մշտապես փորձում էր գտնել և իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք միտված էին պարզ մարդկանց հոգսերի թեթևացմանը: Հենց այդ պատճառով էլ նա վայելում էր հայրենակիցների սերն ու հարգանքը, և նրան վստահում էին Հայաստանի յուրաքանչյուր անկյունում: Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: