Բավ է պառակտվել
10-11-2014 17:08

Նախագահն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ: Սերժ Սարգսյանը «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում ծանոթացել է «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:

Գծային արագացուցչի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում: Նման հետազոտություններն այսօր աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոնների կարևորագույն գերակա ուղղություններից են: «ԱՐԵԱԼ» արագացուցիչն ընդգրկում է մի շարք բնագավառների՝ լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման և համապատասխանեցման առաջավոր տեխնոլոգիաները:

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում այնուհետ կայացել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը` խորհրդի պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է ինստիտուտի զարգացման առաջիկա և երկարաժամկետ ծրագրերը, որոնք միտված են երկրում կատարվող բնագիտական տարբեր ուղղությունների փորձարարական հետազոտությունները բարձրացնելու նոր՝ առաջավոր մակարդակի: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ 2013-14թթ. գործունեության հաշվետվությունը, «ԱՐԵԱԼ» արագացուցչի զարգացման և Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ինստիտուտի 2015թ. բյուջեն: