09-05-2014 10:04

Մայիսի 9-ը ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ. ՀՀ նախագահ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:

Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց:

Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության:

Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:

Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է:
Փա՛ռք մեր հերոսներին: