Բավ է պառակտվել
24-10-2014 08:34

Հայոց ցեղասպանությունն անառարկելի փաստ է` արձանագրված միջազգային հանրության կողմից.նախագահ

Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին The New York Times-ում հրապարակված ներդիրում տպագրված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա այս միտքը բնորոշել է որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Միացյալ Նահանգների կառավարությանն ու հանրությանն ուղղված հիմնական ուղերձ: Նույնիսկ այսօր մարդկությունը շարունակում է ականատես լինել ցեղասպանության նման հրեշավոր հանցագործությունների: «Պատմությունը շարունակելու է կրկնվել, մինչև անցյալի հանցագործությունները հստակ գնահատական չստանան: Այսօր որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ` մենք որոշակի պարտավորություն ենք զգում, քանի որ կրում ենք բացառիկ առաքելություն` կանխարգելելու ցեղասպանությունների կրկնությունը»,- ընդգծում է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունն անառարկելի փաստ է` արձանագրված միջազգային հանրության կողմից, որն ապաստան է տրամադրել հարյուր հազարավոր հայերի, ովքեր փախել են Օսմանյան կայսրությունում ջարդերից: «Այսօր նույնիսկ թուրքական հասարակության ուսյալ շերտերը հաշտվել են իրենց անցյալի հետ` դեմ դուրս գալով պետության պաշտոնական ժխտողական դիրքորոշմանը»,- նշել է Սարգսյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է նաև, որ քանզի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները միջազգային հանրության համար դարձել են բացարձակ արժեք, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ստորադասելը հակասում է ներկայիս աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին: «ԱՄՆ-ի հզորությունը նույնպես պայմանավորված է այս արժեքների հանդեպ իր հանձնառությամբ: ԱՄՆ-ի օրենսդիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ութ որոշում, այն պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 40 նահանգներում: 1980-ականների Ռեյգանի վարչակազմը ճանաչել և դատ պարտել է Հայոց ցեղասպանությանը: Վաղ թե ուշ Թուրքիան ևս ստիպված կլինի հաշտվել իր պատմության հետ և ազատել ինքն իրեն` վերահաստատելով արդարությունը»,- ամփոփել է ՀՀ Նախագահը: