08-07-2016 16:21

Որքանո՞վ են ԻՊ գրոհայինները սպառնալիք Վրաստանի և տեղում հանգստացողների համար

Արձակուրդներն ու զբոսաշրջային ժամանակահատվածն այլևս մեկնարկել են: Հայերիս համար մատչելի, մոտ ու նախընտրելի վայրերից ամենապահանջվածը եղել և մնում է վրաստանյան հանգիստը:
Այս համատեքստում հարց է առաջանում, արդյո՞ք Վրաստանում հանգստանալն անվտանգ է զբոսաշրջիկի համար և որքանո՞վ են Իսլամական Պետության ծայրահեղականները սպառնալիք Վրաստանի և տեղում հանգստացող զբոսաշրջիկի համար: «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ահաբեկչական գործողությունները գնալով ավելի են ակտիվանում և սաստկանում, ինչի դեմ կարծես աշխարհի բոլոր պետություններն առանձին կամ միասնական պայքար են մղում: Սակայն այդ պայքարի արդյունքը միանշանակ գոհացուցիչ չի կարող լինել»,- news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցն ու հավելեց. «Ինչ վերաբերում է նշված հարցին, ասեմ, որ թեև այսօր էլ Իրաքում և Սիրիայում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվում են Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ, և ոմանց նկատմամբ նույնիսկ քրեական գործեր են հարուցված հենց Վրաստանում, չեմ կարծում որ ներկայում մեծ հավանականություն կա իսլամիստների կողմից ահաբեկչական ակտերի իրականացման համար Վրաստանի վրա կենտրոնանալու առումով»: Միարժամանակ, ըստ փորձագետի, վտանգը միշտ էլ կա և հատկապես զբոսաշրջային ակտիվության՝ ամառային սեզոնին, ուստի վրացի իրավապահները պետք է ջանք չխնայեն հնարավոր բոլոր տեսակի անվտանգության միջոցառումներն իրականացնելու համար, ինչը թույլ կտա խուսափել լուրջ հետևանքներից: Ի դեպ Ալիկ Էրոյանցը Վրաստանի ծովափնյա շրջաններ մեկնող մեր քաղաքացիներին մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. «Թերևս, ավելի շատ պետք է գնային բարձրացումներն անհանգստացնող լինեն, քանի որ այս տարի որոշակիորեն գնաճ է նկատվում նշված շրջաններում՝ հյուրանոցային, սննդի օբյեկտներում մատուցվող ծառայությունների ոլորտում»-եզրափակեց վրացագետը:

Տաթև Առաքելյան