Բավ է պառակտվել
02-09-2016 10:07

Լեռնային Ղարաբաղը նշում է անկախության 25-ամյակը

Արդեն մեկ քառորդ դար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է անկախ երկրում` ինքնուրույն տնօրինելով իր ճակատագիրը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սեպտեմբերի 2-ին նշում է անկախության 25-րդ տարեդարձը։ 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։ Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները։ 1994թ.-ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: Հրադադարից հետո սահմանին մշտապես լինում էին կրակոցներ, սակայն զինված գործողությունները վերսկսվեցին այս տարվա ապրիլին։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։