Բավ է պառակտվել
01-06-2016 12:48

Տրվել է «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը

Այսօր տրվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորա» մրցանակը փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք մրցանակի պաշտոնական կայքից:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երեւանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, որն հաղթահարել է մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։

Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձել է Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ ‏Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել եւ խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։

«Ավրորա մրցանակն ասես մխիթարություն լիներ իմ և Բուրունդիի ամբողջ ժողովրդի համար: Հաջողությունը քո ունեցածը չէ, այլ՝ քո ով լինելը։ Իմ առաքելությունը դարձել է բոլորին հույս տալը՝ հաջողության, կարեկցանքի եւ սիրո հույս։ Ես այնքան երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին՝ պարգեւած հնարավորության համար, շնորհակալ եմ իմ կողմից մրցանակի առաջադրված երեք կազմակերպություններին, եւ, իհարկե, Բուրունդիի ժողովրդին»,-ասել է Բարանկիցեն:

Մարգարիտ Բարանկիցեն և 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթինան, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիման և Կենտրոնաաֆրիկյան հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի քահանա Հայր Բերնարդ Կինվին, բացառիկ անձնազոհ մարդիկ են, որոնք իրենց մարդասիրությամբ փոխում են աշխարհը։

«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։ «Ավրորա» մրցանակը երախտագիտության ավանդը փոխանցում է ապագային՝ շարունակելով նվիրատվության շղթան:

«Անցյալ տարի առաջադրումներ կատարելու կոչն օգնեց ճանաչելու մարդասիրության ասպարեզի բազմաթիվ հերոսների: Մենք մեծ սպասումով կրկին կոչ ենք անում աշխարհին առաջադրել նոր հավակնորդների, ինչի ընթացքում հույս ունենք աշխարհին պատմել և ճանաչման արժանացնել անձնազոհության և հույսի ավելի մեծ թվով ոգեշնչող պատմություններ»,- ասել է մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երեւանում։