Բավ է պառակտվել
06-08-2016 02:11

Կարգապահապան պատասխանատվության է ենթարկվել ոստիկանության գեներալ–մայոր Աշոտ Կարապետյանը

ՀՀ ոստիկանության պետի հրամանով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության մի շարք ծառայողներ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հրամանը կազմվել է հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա։

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, մասնավորապես, ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար խիստ նկատողություն է հայտարարվել.

- ԵՔ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին,

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանին,

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հրայր Հայրապետյանին,

- ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մկրտիչ Անտոնյանին,

- ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանին:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 31–ին «Սասնա ծռեր» զինված խումբը վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում զոհվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, խմբի անդամների և իրավապահների շրջանում կան վիրավորներ։