19-02-2018 18:24

ՎՏԲ-Հայաստան» բանկից հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար. ավազակային հարձակման դեպքով քրգործ է հարուցվել


Այսօր՝ ժամը 16.00-ին, Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «ՎՏԲ–Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի (գտնվում է Բաղրամյան 56 հասցեում) վրա զինված հարձակում է տեղի ունեցել։

Ոստիկանության օպերատիվ խումբը տեղում է, կատարում են համապատասխան գործողություններ, Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Հարձակում գործած անձինք երկուսն են։

 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արտակ Պողոսյան լրագրողներին ասել է, որ այսօր՝ 15:30-ի սահմաններում, երկու մարդ «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի բռնություն գործադրելու սպառնալիքով ներխուժել են բանկ: Նա նաև տեղեկացրել է, որ տուժածներ չկան, թեև հարձակման ժամանակ ներսում մարդիկ են եղել:

Արտակ Պողոսյանը հափշտակած գումարի չափի մասին հստակ տեղեկություններ չտրամադրեց՝ պատճառաբանելով, թե այս պահին բանկի աշխատակիցներն այդ հարցն են ուսումնասիրում:

«Քաղաքացիներից գումար չեն հափշտակել, միայն բանկի գումարն է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ բանկի վրա հարձակում գործած անձինք դիմել են փախուստի և դեռևս չեն հայտնաբերվել:

Ըստ բանկի աշխատակիցների նախնական ցուցմունքների՝ հարձակում կատարողները զինված են: Ինչ վերաբերում է բանկի բնականոն աշխատանքի վերադառնալուն, Արտակ Պողոսյանը նշեց, որ Ոստիկանության և քննչական մարմինների աշխատանքի ավարտից հետո, բանկը կշարունակի աշխատանքը:
«ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի կառավարիչը հորդորեց տեղում աշխատող լրագրողներին այլևս նկարահանում չիրականացնել, քանի որ որևէ նորություն չկա:

Դիտարկմանը, թե վարկած կա, որ բանկի աշխատակիցներն են կազմակերպել բանկի վրա հարձակումը, բանկի կառավարիչն ասաց, թե դա զուտ վարկած է:

Ինչ վերաբերում է ականատեսների պատմածներին, «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան մասնաճյուղի կառավարիչն ասաց.«Որևէ մանրամասնություններ դեռևս չկան, որևէ բան պարզաբանված չէ, հետևաբար, չեմ կարող որևէ բան ասել»:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտե լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ և աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։

Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրեն ավելի ուշ։