06-05-2016 12:14

Ավետիսյանների սպանության գործով դատարանում ներկայացվեցին քննչական փորձարկի արդյունքները

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում մեկնարկել է գործի նյութերի ուսումնասիրման գործընթացը։

Մասնավորապես դատախազ Գեւորգ Գեւորգյանը հրապարակել է գործում առկա քննչական փորձարկի արդյունքները։ Հաշվի առնելով փաստաթղթերի մեծ ծավալը՝ դատախազը շուտասելուկի նման ընթերցեց նյութերը, ինչը վատ ակուստիկայի հետ մեծապես նվազեցրեց դահլիճում ներկաների՝ փորձարկի արդյունքները հասկանալու հնարավորությունը։

Նշենք, որ քննչական փորձարկը նկարագրում է Վալերի Պերմյակովի դասալքության հանգամանքը, Գյումրիի փողոցներում նրա շրջագայությունը, Ավետիսյանների սպանությունը։ Ընդհանուր առմամբ այն կրկնում է հարցաքննությունների արդյունքները։

Ըստ փորձարկի՝ Պերմյակովը չի հիշում, թե քանի անգամ է կրակել։

«Սեղմել եմ (ձգանը) հետո թողել»,- ասել է նա քննիչին։ Ինքնաձիգը չի վերալիցքավորել։ Երբ խցանվել էր, սվին դանակով ծակել էր լացող երեխային։

Աղջկա սպանության մասով նա ասել է, որ երեխային սպանել է սվինով (փորձաքննության տվյալներով՝ երեխային սպանել են ավտոմատով)։ Այն, որ մահճակալի մեջ աղջիկ է եղել, հասկացել է երկար մազերից։

Ընտանիքին սպանելուց հետո Պերմյակովը, ըստ փորձարկի, իրեր է վերցրել պահարանից, փոխել հագուստը, վերցրել բջջային հեռախոսները։ Համազգեստն ու ինքնաձիգը թողել է։

Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը հաստատել է իր ցուցմունքները։