Բավ է պառակտվել
14-10-2014 17:19

Հակառակորդի կրակահերթից զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի հետևանքով ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար»: